ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Վրաստան. կենտրոնացման և ապակենտրոնացման երկընտրանքի միջև

Վրաստան. կենտրոնացման և ապակենտրոնացման երկընտրանքի միջև
21.10.2008 | 00:00

ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՋԱՎԱԽՔՈՒՄ
Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում ռուսական քաղաքականության և հետաքրքրությունների պարզաբանմանը զուգահեռ, որ ներկայացրինք նախորդ հրապարակման մեջ, պակաս կարևոր չեն Վրաստանի քաղաքականությունն այդ տարածաշրջանում և դրա հետ կապված՝ արևմտյան հանրության գնահատականները։ Ըստ էության, արևմտյան հանրության քաղաքականությունը Սամցխե-Ջավախեթիի հետ կապված՝ գտնվում է Եվրամիության արտաքին քաղաքականության գերագույն կոմիսար Խավիեր Սոլանայի և ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։ Այդ պայմանավորվածությունները հանգում են նրան, որ չնայած հայաբնակ այդ տարածաշրջանում առկա լուրջ քաղաքական պրոբլեմներին և դրանց արձագանքելու անհրաժեշտությանը, այդ ամենը չպետք է դրսևորվի Վրաստանի նկատմամբ լուրջ քննադատության ձևով, մինչև որոշում ընդունվի այդ երկրի՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության շրջանակներում հետագա ինտեգրացիայի մասին։ Միաժամանակ արևմտյան դիրքորոշումը ենթադրում է, որ Վրաստանին շարունակաբար պետք է բացատրվի, որ Սամցխե-Ջավախեթիում հայկական ազգաբնակչության նկատմամբ խտրականության դրսևորումները կարժանանան դատապարտման և, ի վերջո, կարող են վերածվել լուրջ խոչընդոտի Վրաստանի՝ արևմտյան կառույցներին ինտեգրացվելու ճանապարհին։
Կան փաստացի ապացույցներ, որ Վրաստանի ղեկավարությունը հարկադրված է եղել լսել բավականին լուրջ նախազգուշացումներ այս հարցի հետ կապված։ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, Վրաստանում ակտիվորեն աշխատելով, այս փուլում հակված են առավելագույնս զսպելու Սամցխե-Ջավախեթիում առկա դժգոհությունները՝ սահմանափակվելով Վրաստանի ղեկավարությանը նախազգուշացումներով և տարածաշրջանում լոկալ, մեծ նշանակություն չունեցող ծրագրեր իրագործելով։ Վրաստանն էլ, իր հերթին, այս պահին փորձում է ավելի մեղմ քաղաքականություն վարել Սամցխե-Ջավախեթիում՝ դրսևորելով ցուցադրական հանդուրժողականություն, բայց դրանով հանդերձ, ներդնելով կառավարման նոր համակարգ, որը ենթադրում է տեղական բնակչության իրավունքների սահմանափակում։ Սակայն միաժամանակ ընդգծվում է Վրաստանի հետաքրքրությունը Հայաստանի հետ համագործակցության առումով ոչ միայն լրացուցիչ եկամուտներ ստանալու, այլև թուրք-ադրբեջանական ալյանսին հակակշիռ ստեղծելու համար, ինչպես նաև իրանական շուկա և Իրանի ռեսուրսներին հասնելու նպատակով։ Վրաստանը սկզբունքորեն ընդունակ չէ իրագործելու ազգային խտրականության արդյունավետ քաղաքականություն հայերի նկատմամբ, չկարողանալով լուծել աբխազական և օսական պրոբլեմները։ Հարկ է ընդգծել նաև, որ Եվրոպայի առաջատար պետությունները, շահագրգռված չլինելով ՆԱՏՕ-ի ընդարձակմամբ, մտադիր են ավելի ուշադիր և որոշակի դիտավորությամբ հետևելու Վրաստանի ներքին խնդիրներին։ Ֆրանսիական փորձագետ Առնո Դյուբիենի և նրա բրիտանացի գործընկեր Քրիստոֆեր Լենգթոնի կանխատեսման համաձայն, եթե ՆԱՏՕ-ի Ռիգայի գագաթաժողովում որոշում ընդունվի, որ Վրաստանը մտնելու է անդամակցության նախապատրաստման փուլ, ապա ինչպես Եվրամիությունը, այնպես էլ ՆԱՏՕ-ն ավելի քննադատական դիրքորոշում կորդեգրեն Վրաստանում առկա ներքին խնդիրների, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների հարցի կապակցությամբ։ Վերոհիշյալ փորձագետները միաժամանակ նշում են, որ հնարավոր է իրադարձությունների այլ զարգացում, երբ Վրաստանը չի ստանա ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր, բայց նրա նկատմամբ քննադատությունն էլ կլինի թույլ և շատ կողմերով՝ դեկորատիվ։
Այլ ուղղվածության փորձագետների, մասնավորապես բրիտանական ծրագրերին առնչություն ունեցող վերլուծաբանների կարծիքով, Արևմուտքի ճնշումը Վրաստանի վրա չի մեծանա մինչև ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի լուծումը։ Մինչդեռ, չնայած Դենիել Ֆրիդի և Խավիեր Սոլանայի միջև առկա լուրջ պայմանավորվածություններին, տողերիս հեղինակի կարծիքով, միանգամայն հնարավոր է հասնել Վրաստանի նկատմամբ ճնշման մեծացման։ Դա կարելի է անել՝ ուժեղացնելով լոբբիստական գործունեությունը Բրյուսելում, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների գործունեությունը բուն Սամցխե-Ջավախեթիում, մանավանդ որ այդ ուղղությունն այստեղ թուլացած է։
Սակայն ամենից հետաքրքիր եզրակացությունը եղավ այն, որ եթե 2008 թ. ապրիլին բուխարեստյան գագաթաժողովում Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին մերժվի, ապա դրա փոխարեն Արևմուտքը կթույլատրի Թբիլիսիին՝ անցնելու ավելի արմատական քաղաքականության։ 2008-ի օգոստոսին տեղի ունեցավ հենց դա։ Հարկ է ընդգծել, որ, ի տարբերություն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի, ուր չի դիտարկվում Վրաստանի նկատմամբ քննադատության աճ, Ֆրանսիայում և Գերմանիայում կան հետաքրքրված շրջանակներ, և այդ ուղղությամբ նրանց հետ անհրաժեշտ է աշխատել։ Եվրոպական առաջատար երկրները կարող են առաջ քաշել մի շարք խնդիրներ` այդ թվում Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ կապված՝ Վրաստանի ինտեգրացիան ՆԱՏՕ և Եվրամիություն սահմանափակելու նպատակով։ Այդ խնդիրների թվում կարող է լինել նաև վրացական իրավապահ մարմինների գործունեությունը, կոռուպցիան, տնտեսական և սոցիալական պրոբլեմները, ինչպես նաև ազգային և այլ փոքրամասնություններին առնչվող հարցերը։ ԱՄՆ-ը հասել է նրան, որ զինված ուժերի պատրաստման առումով Վրաստանի նկատմամբ լայնածավալ քննադատություն չլինի, բայց մնացած պրոբլեմները մնում են Ֆրանսիայի, Գերմանիայի և այլ եվրոպական երկրների ուշադրության կենտրոնում։ Այստեղ, անշուշտ, կարևոր գործոն են հանդիսանում Եվրամիության առաջատար պետությունների հարաբերությունները Մոսկվայի հետ, որն այսօր վերջին ճիգով քայլեր է ձեռնարկում Վրաստանի դեմ որոշումների հասնելու համար։ Մասնավորապես, Ռուսաստանը մի շարք առաջարկներ է ներկայացրել Գերմանիային, որոնք, այսպես թե այնպես, առնչվում են նաև Ֆրանսիային ու վերաբերում են էներգամատակարարմանը, Կենտրոնական Ասիային վերաբերող մի շարք խնդիրների և բուն Ռուսաստանում իրականացվող արևմտյան ներդրումներին։ Ռուսաստանը նաև համապատասխան աշխատանք է տանում Իտալիայի, Եվրամիության «փոքր» երկրների հետ՝ ներառյալ Հունաստանը, Բելգիան, Նիդեռլանդները, միաժամանակ աշխատելով Հարավային Եվրոպայի պետություններում սոցիալիստական կառավարությունների «ալյանս» ձևավորել՝ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը տապալելու համար։
Դատելով վերոնշյալից, կարելի է հանգել հետևյալ ենթադրությունների. եթե Վրաստանը Ռիգայի գագաթաժողովում ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր ստանա, ապա կարող է առաջանալ նրան արևմտյան պահանջների շրջանակում «թափ տալու» հեռանկար։ Եվ եթե անգամ այդ «թափ տալու» գործընթացը լինի ոչ այնքան կոշտ, միևնույն է, բավարար ազդակ կհանդիսանա փոքրամասնությունների շահերի պաշտպանության ուղղությամբ։ Սակայն եթե Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցության հրավեր չստանա, կկանգնի ավելի բարդ հեռանկարի, շատ բարդ խնդիրների լուծման անհրաժեշտության առջև, որը գործնականում վեր է նրա ուժերից։ Այս դեպքում կստեղծվի ավելի նպաստավոր վիճակ, և պայմաններ կառաջանան այնպիսի գործունեության ծավալման համար, որոնք Վրաստանին կբերեն նոր չափորոշիչների համապատասխանելու անհրաժեշտության։ Սամցխե-Ջավախեթիում հայկական բնակչության իրավունքների պաշտպանությունը կարելի է կազմակերպել սկզբունքորեն ցանկացած սցենարի դեպքում այն պայմանով, որ Հայաստանի կողմից այս ուղղությամբ լինի ակտիվ քաղաքականություն։
Հետաքրքիր է, որ Քվեմո-Քարթլիի առավելապես ադրբեջանցիներով բնակեցված տարածաշրջանում փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գործընթացի նախաձեռնումը, հատկապես Ռուսաստանի կողմից, նոր է սկզբնավորվում։ Այդ տարածաշրջանում Մոսկվան չունի հուսալի բազա, այդ իսկ պատճառով այստեղ էլ շատ բան պայմանավորվում է «հայկական ռեսուրսի» օգտագործմամբ։ Այդ տարածաշրջանում կան հայաբնակ մի շարք գյուղեր։ Միաժամանակ առկա է տեղեկատվություն, որ Քվեմո-Քարթլիում սկսվել է երեք հիմնական հասարակական կազմակերպությունների ձևավորումը, որոնցից մեկը «բաքվամետ» է, մյուսը՝ «թբիլիսամետ» և վերջինը՝ թուրքամետ։ Մոսկվան փորձում է ձևավորել ռուսամետ կազմակերպություն՝ հենվելով Ռուսաստանում բնակվող և ծագումով այդ տարածաշրջանից տարբեր անձանց վրա, որոնք նշանակալի միջոցներ ունեն։ Փորձ է արվում ասպարեզ բերել ինչ-որ Համլետ Հասանովի, Վագիֆ Իսաևի և Ուսուպ Նաբիևի, որոնք Մոսկվայում վերահսկում են Վրաստանից դուրս եկած ադրբեջանցիների հայրենակցական միությունը և կապված են Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի թիմի հետ։ Նպատակ կա կազմակերպելու համապատասխան հրապարակումներ՝ վրացաբնակ ադրբեջանցիների պրոբլեմների քննարկումը մոսկովյան հարթակ տեղափոխելու նպատակով, ինչպես նաև հատուկ թերթի հրատարակում և այլ նախաձեռնությունների հանդես բերում։ Հայտնի է դարձել, որ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը խիստ անհանգստացած է այս գործընթացով և փորձում է իր վերահսկողության տակ վերցնել վերոհիշյալ նախաձեռնությունները։ Մոսկվայի գլխավոր նպատակը Քվեմո-Քարթլիում ակտիվ մրցակցային «դաշտի» ձևավորումն է, որտեղ հնարավոր կլինի նախաձեռնել տարբեր հակավրացական ակցիաներ և հասարակական շարժումներ՝ ներառյալ անջատական կարգախոսները։ Միաժամանակ «Կենտրոնի» կողմից շատ կոնկրետ հարց է դրվում այն համատեքստում, որ կա՛մ հայերը կհամագործակցեն այս հարցում, ինչը նրանց կոմունիկացիաների ապահովման հույս կներշնչի, կա՛մ էլ այդ տարածաշրջանը կդառնա ամենախնդրահարույցը նրանց համար։ Այս կապակցությամբ «Կենտրոնը» փորձ է անում հայկական փորձագետներին ներշնչել, որ ներվրացական գործընթացներում հայկական միջավայրի հետ համապատասխան աշխատանքի անցկացումն առաջնահերթ է այն համատեքստում, որ նրանց միջոցով պետք է լուծվեն Վրաստանի և նրա առանձին տարածաշրջանների հետ կապված խնդիրները, բայց ապագայում համանման հարցեր կառաջանան նաև վրացաբնակ ադրբեջանցիների հետ կապված։ Համանման գործունեության հովանավորումը «Կենտրոնի» կողմից ավելի լուրջ արդյունքների է հանգեցրել Վրաստանի այլ տարածաշրջաններում, մասնավորապես, Մեգրելիայում և Աբխազիայի Գալիի շրջանում, որը նույնպես հիմնականում բնակեցված է մեգրելներով։ Այս ուղղությամբ գործունեությունը ղեկավարում է վրաց փորձագետ Ալեքսանդր Չաչուան, որը սերտ կապված է Գամսախուրդիայի ընտանիքի, ինչպես նաև Վրաստանի Ազգային ժողովի մի շարք պատգամավորների հետ։ Մտադրություններ կան իբրև մեգրելների առաջնորդ առաջ քաշելու ոմն Վասիլի Շիրոզիայի թեկնածությունը, ով, ըստ որոշ տեղեկությունների, ոչ մի խմբավորում չի ներկայացնում, բնակվում է Մոսկվայում, զբաղվում գործարարությամբ և կապեր ունի աբխազական իշխանությունների հետ։
Այս համատեքստում նպատակահարմար է հասկացնել Ռուսաստանի ղեկավարությանը, որ Հայաստանը շահագրգռությամբ, բայց միաժամանակ որոշ զգուշավորությամբ է մոտենում Մոսկվայի քաղաքականությանը Սամցխե-Ջավախեթիում։ Հարկ է ակտիվացնել Հայաստանի գործունեությունը` այս տարածաշրջանի խնդիրների հետ կապված, ներառյալ շփումները Վրաստանի, ԱՄՆ-ի, եվրոպական հանրության հետ։ Անհրաժեշտ է մեկ անգամ ևս վերանայել Հայաստանի քաղաքականությունը Ջավախքում գործող հասարակական կազմակերպությունների նկատմամբ։ Որովհետև Ռուսաստանի հիշյալ գործունեությունը հնարավոր դարձավ այն ժամանակ, երբ Հայաստանը, լիարժեք վերահսկողություն ունենալով Ջավախքի գործընթացների վրա, ինչն արդյունք էր տեղական քաղաքական և հասարակական կազմակերպությունների հսկայական աշխատանքի, այսօր փորձում է մարել այդ տարածաշրջանում բոլոր նախաձեռնությունները՝ մեծացնելով Ջավախքում այնպիսի մարդկանց ազդեցությունը, որոնք որևէ առնչություն չունեն տարածաշրջանի բնակչության շահերին։ Ընդ որում, այդ քաղաքականությունը Հայաստանն իրագործում է Վրաստանի իշխանությունների հետ պայմանավորված։
Ակնհայտ է նաև, որ ԱՄՆ-ի և եվրոպական կառույցների փորձերը՝ ձևացնելու, թե Ջավախքում ոչինչ տեղի չի ունենում, այլևս անիմաստ են։ Առկա տվյալների համաձայն, եվրոպական բոլոր երկրների դեսպանատները, ինչպես նաև ԱՄՆ -ի ներկայացուցչությունն իրենց կառավարություններին տեղեկացրել են Վրաստանի ՏԻՄ ընտրություններում ստեղծված իրավիճակի մասին՝ հատկապես ընդգծելով Սամցխե-Ջավախեթիի և Քվեմո-Քարթլիի տարածաշրջաններում առաջացած կացությունը և Վրաստանի կողմից խտրականության, շովինիզմի քաղաքականությունը։ Արևմտյան հանրությունը թեպետ չի դիտարկում Ջավախքի հայկական բնակչության խնդիրն իբրև քաղաքական, բայց գործնականում, քաղաքական գնահատականների առումով, իրավիճակն ընկալում է հենց այդպիսին։ Եվրոպական հանձնաժողովի և ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից այդ խնդիրը վերահսկողության տակ է, բայց Արևմուտքն այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկի միայն իր շահերից ելնելով։ Չի բացառվում, որ Սամցխե-Ջավախեթիում հայկական պրոբլեմն Արևմուտքի կողմից դիտարկվում է իբրև ոչ միակը, մանավանդ որ այստեղ որոշակի լծակներ կան Եվրամիության և Թուրքիայի միջև հարաբերությունների առումով։
Թբիլիսիում դիվանագիտական շրջանակներում շատ տարածված են խոսակցությունները խորհրդարանական և տեղական ընտրությունների վերաբերյալ «վատ գնահատականների» մասին։ Այդ տրամադրությունները նկատելիորեն ակտիվացան Դենիել Ֆրիդի՝ Վրաստան կատարած այցի ժամանակ, ուր նա ամեն կերպ փորձեց փրկել կառավարող ռեժիմի դեմքը։ Միաժամանակ կա հավաստի տեղեկատվություն, որ ԱՄՆ -ի վարչակազմը ծայրահեղ դժգոհություն է հայտնել` կապված վերոհիշյալ ընտրությունների ընթացքի և արդյունքների հետ։ Ստեղծված իրավիճակում, երբ Վրաստանի և Ռուսաստանի միջև հակադրությունը դուրս է եկել տրամաբանության բոլոր շրջանակներից, ամերիկացիներն ու եվրոպացիները բախվել են Բալկաններին համարժեք պրոբլեմների հետ, որոնք ժամանակին հանգեցրին արտաքին քաղաքական և ռազմական միջամտության։ Վաշինգտոնում ռուս-վրացական հարաբերությունների վերաբերյալ անցկացված վերջին սեմինարներից մեկը, որ դիտավորյալ կազմակերպված էր շատ ներկայանալի, հանգեցրեց այն գիտակցության, որ քարոզչական խնդիրներն այլևս կարևոր չեն, քանի որ շատ դժվար է փաստարկներ գտնել միջազգային հանրությանը ռուս-վրացական հակադրության էությունն ու արմատները պարզաբանելու համար։ Այդ սեմինարում ԱՄՆ-ի արևելաեվրոպական քաղաքականության առաջատար մասնագետ, Կոնգրեսում ԵԱՀԿ գրասենյակի աշխատակից Մայքլ Օքսը ռուս-վրացական հարաբերությունները գնահատեց իբրև ակնհայտորեն ԱՄՆ-ի շահերին անհամապատասխան։ Ընդհանուր առմամբ, ամերիկյան փորձագետներն այդ իրավիճակը բնորոշում են իբրև «անհույս փակուղային», իսկ կողմերին բաժանելու Արևմուտքի փորձերը գնահատում որպես «նեխած քաղաքականություն»։ Ներկայումս եթե ինչ-որ բան միավորում է ամերիկյան և եվրոպական փորձագետներին, այն է, որ երկու կողմն էլ իրավիճակը համարում են աբսուրդային։
Քաղաքական փորձագիտական եզրակացությունների այսպիսի դեֆիցիտի պայմաններում էլ ղարաբաղյան գործերով լավ հայտնի «Միջազգային ճգնաժամային խումբը» (ՄՃԽ) հանձնարարություն է ստացել արագացնելու առաջարկությունների, իսկ ավելի շուտ՝ ծրագրի մշակումը Սամցխե-Ջավախեթիում իրավիճակի կարգավորման վերաբերյալ, որը, իհարկե, առնչվելու է հայկական բնակչության ազգային իրավունքների հարցերի ողջ կոմպլեքսին։ Այդ նպատակով ՄՃԽ-ն օգտվում է վրացական և հայկական որոշ փորձագետների ծառայություններից, և, ըստ նախնական տվյալների, մշակվող նախագիծը պարունակում է տեղական ինքնակառավարման ընդլայնման առաջարկություններ։ Սակայն, ինչպես հայտնի է, ապակենտրոնացման գաղափարը բացարձակապես ձեռնտու չէ և վախեցնում է Վրաստանի գործող նախագահին, ու դրանից ելնելով էլ տեղական ինքնակառավարման մասին օրենքը ձևավորվեց ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածաշրջաններում, ինքնուրույնության սահմանափակման տրամաբանությամբ։
Վրաստանի իշխող վերնախավը զգուշանում է ապակենտրոնացման ստվերից անգամ, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է նոր պրոբլեմների։ Միաժամանակ ԱՄՆ-ի ու Եվրոպայի՝ Վրաստանով զբաղվող սակավաթիվ փորձագիտական ինստիտուտները շատ վտանգավոր են համարում վրացական ռեժիմի իշխանության կենտրոնացման ձգտումները։ Այդ պայմաններում ՄՃԽ-ի երաշխավորությունները հազիվ թե դրական արձագանքի արժանանան Թբիլիսիում։ ՈՒշադրության է արժանի և այն, որ ինչպես ղարաբաղյան հարցի, այնպես էլ Ջավախքի դեպքում ՄՃԽ-ի առաջարկությունները բացարձակապես իրատեսական չեն, ուստի չեն ընդունվի Վրաստանի ղեկավարության կողմից։
Միևնույն ժամանակ խիստ կասկածելի է, որ ԱՄՆ-ի այդ նախաձեռնությունը հայկական լոբբիի գործունեության կամ հայկական քաղաքական գործիչների հետ շփումների հետևանք է։ ԱՄՆ-ը սպասեց լարվածության հասունացմանը Ջավախքում, ինչը նրան միջամտության առիթ տվեց, և Վաշինգտոնը պատրաստ է նույնիսկ չթաքցնել իր հետաքրքրությունն այդ տարածաշրջանի նկատմամբ։ ԱՄՆ-ում հասկացել են, որ Վրաստանը բավականին ինքնատիպ երկիր է, և նրա նկատմամբ վիրահատական մեթոդների կիրառումը բավարար չէ։ ԱՄՆ-ը որոշել է հիմնավորապես զբաղվել Վրաստանով՝ «բաժանելով» այն քաղաքական և տարածքային-քաղաքական հատվածների։ Հավանաբար այդ միջոցով ձգտում կա հասնելու որոշակի նպատակների, հատկապես համակարգային անվտանգության ոլորտում։ Տպավորություն է ստեղծվում, որ Վրաստանի հետ կապված խնդիրների լուծումները մինչև վերջ մշակված չեն, և խոսքը վերաբերում է ոչ միայն ընթացիկ քաղաքականությանը, այլև ավելի սկզբունքային հարցերի։ Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասի երկրների նկատմամբ ճշտելուց հետո ԱՄՆ-ում որոշում է ընդունվել նոր սցենարների մշակման վերաբերյալ՝ իր քաղաքական և գեոտնտեսական էքսպանսիան տարածաշրջանում շարունակելու համար։ Հակառակ դեպքում դժվար է բացատրել այն գործընթացների նկատմամբ հետաքրքրության աճը, որոնք նախկինում ուղղակի անտեսվում էին։
Այն պայմաններում, երբ Վրաստանի ապակենտրոնացումը, իբրև այդ պետության պահպանման միջոց, մեծ ժողովրդականություն է ձեռք բերել ոչ միայն փորձագետների, այլև քաղաքական գործիչների շրջանում, Ջավախքի հայ բնակչության իրավունքների պաշտպանության հարցի առաջքաշումը ոչ միայն հրատապ է, այլև այլընտրանք չունի։ Ռուսաստանը Ջավախքի նկատմամբ սպեկուլյատիվ դիրքորոշում ունի, նույն կեցվածքն է ցուցաբերում Արևմուտքը։ Բայց արևմտյան հանրությունը, լինելով Հարավային Կովկասի երկրների կարևոր գործընկերը, երբևէ չի հայտարարել, թե Հայաստանի ռազմավարական և ռազմական դաշնակիցն է։ Ռուսաստանի ներկա դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ գնալով ավելի երկիմաստ է դառնում, և նրա մտադրությունները Ղարաբաղի հարցում՝ նկատի ունենալով Հայաստանի շահերի անթաքույց վաճառքը, հույս չեն ներշնչում, թե Ռուսաստանն Ջավախքի հետ կապված ինչ-որ կառուցողական դիրքորոշում կունենա։

Իգոր Մուրադյան

Դիտվել է՝ 5020

Մեկնաբանություններ